Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Ապրիլյան պատերազմը, հուլիսյան դեպքերը բոլորին ցույց տվեցին, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ»

«Ապրիլյան պատերազմը, հուլիսյան դեպքերը բոլորին ցույց տվեցին, որ իրավիճակը  կարող է վերահսկողությունից դուրս գալ»
23.12.2016 | 01:32

«Իրատեսի» զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչական խորհրդի խորհրդական ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ:

-Խնդրում ենք գնահատել անցնող տարին, ի՞նչ դասեր քաղեցինք և պետք է քաղենք տեղի ունեցած իրադարձություններից:
-Անցնող տարին բավական ծանր էր, որովհետև ապրիլին սկսվեցին պատերազմական գործողություններ, որոնց նախաձեռնողն Ադրբեջանն էր, որը հռետորաբանությունից անցավ գործնական որոշակի քայլերի: Դրանց հիմնական նպատակը բլիցկրիգն էր` շատ կարճ ժամանակամիջոցում մի քանի շրջանների գրավումը, ինչը չստացվեց: Ի պատիվ մեր շարքային զինվորների, սպաների, ղեկավարության, ադրբեջանցիների առաջխաղացումը կանխվեց` թշնամուն հասցնելով բավական լուրջ կորուստներ: Ճիշտ է, մենք էլ ունեցանք զոհեր, շատ ցավալի մեզ համար, բայց մեր հերոս տղաները, որոնց ես միշտ համեմատում եմ 300 սպարտացիների հետ, իրենց կյանքի գնով կարողացան կանգնեցնել թշնամու առաջխաղացումը:
Իհարկե, պետք է խոստովանել, որ այդ պատերազմը նաև մեզ համար շատ ուսանելի էր, որովհետև մենք տեսանք բոլոր այն բացերը, որոնք առկա էին թե՛ առաջնագծում, թե՛ նորագույն տեխնիկայի, հատկապես գիշերային դիտարկող սարքերի, անօդաչու թռչող սարքերի և այսօր պատերազմներում կիրառվող նորագույն այլ տեխնիկայի բացակայության, անբավարարության հետ կապված: Հիմա բավական լուրջ աշխատանքներ են տարվում հենց այդ ուղղությամբ: Սակայն խնդիրը միայն դա չէր: Ամենևին պատահական չէր, որ ապրիլյան դեպքերից անմիջապես հետո շատերը, այդ թվում՝ ես, մեր ելույթներում մատնանշում էինք, որ սա կունենա բավական հեռուն գնացող նպատակներ, և այդ հետևանքներն այն բոլոր փոփոխություններն էին, որ տեղի ունեցան ոչ միայն պաշտպանության նախարարության կառուցվածքում, այլև մնացած խնդիրներում:
Սրան գումարվեցին նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում հուլիսյան դեպքերը, երբ զինված խումբը Երևանի կենտրոնում հարձակում գործեց ոստիկանության պետական պահպանության ծառայության գնդի վրա, որը հանգեցրեց մեր երկրում իրավիճակի բավական լուրջ լարման: Դա ևս, իր անընդունելի լինելով հանդերձ, բավական լուրջ խնդիրներ առաջ քաշեց, որոնք օր առաջ լուծման անհրաժեշտություն ունեն:
-Այդ խնդիրները լուծվե՞լ են արդեն:
-Խնդիրների լուծմանը, կարծում եմ, ձեռնամուխ են եղել, նաև այս տեսանկյունից պետք է դիտարկել փոփոխությունները կառավարության կազմում, կան բավական լուրջ փոփոխություններ: Հիմա նոր կառավարության, համենայն դեպս, մեծ ցանկությունն է բավականին լուրջ դրական տեղաշարժեր գրանցելը տարբեր բնագավառներում` սոցիալականից, տնտեսականից մինչև նույնիսկ քաղաքական: Կարծում եմ, պետք է որոշակի համբերություն ունենանք, սպասենք, շուտով կլրանա կառավարության գործունեության 100 օրը, և արդեն պետք է հնչեցնել որոշակի գնահատականներ:
-Շատ մեծ վտանգ է պարունակում նաև արտագաղթը, որը շարունակվում է, ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
-Այո, համամիտ եմ, սա էլ պետք է մենք կարողանանք ճիշտ ընկալել ու հասկանալ: Հիմա մեր իշխանություններից պահանջվում է լուրջ ուշադրություն դարձնել այն բոլոր բացերին, որոնց մասին մատնանշում են շարքային քաղաքացիներից մինչև բավականին լուրջ քաղաքական մեկնաբաններ, տնտեսագետներ: Անձնական շահը, կլանային շահը պետք է բոլոր դեպքերում ստորադասվեն պետական և ազգային շահին, և եթե կան մարդիկ, որոնք այսքանից հետո դեռևս պատրաստ են անձնական շահն առաջ տանելու, նրանք ոչ միայն տեղ չպետք է ունենան իշխանության մեջ, այլև, ընդհանրապես, պետք է հասկանան, որ իրենց գոյությունը հասարակության ներսում հանդուրժելի չէ: Խոսքս ամենևին նրանց ֆիզիկական գոյության մասին չէ, բայց հասարակությունը պետք է ստեղծի մի իրավիճակ, որ նման մարդիկ ամաչեն մնալ Հայաստանում, և նրանք է, որ պետք է արտագաղթեն, և թող արտագաղթեն:
Միաժամանակ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր շարքային քաղաքացիների, մասնագիտություն ունեցող, բայց իրենց մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն չունեցողների, հողի աշխատավորների համար ապահովենք այն հնարավորությունները, որոնք նրանց մեջ իսպառ կվերացնեն երկիրը լքելու ցանկությունը: Ավելին, նրանք, ովքեր արտագաղթել են ինչ-ինչ պատճառներով, պետք է պարզորոշ տեսնեն Հայաստանի Հանրապետությունում առաջացող հնարավորությունները և վերադառնան հայրենիք, որովհետև Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ցանկացած հայի համար, որպես էթնոսի, պետք է ամենաապահով տեղերը լինեն աշխարհում: Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ եվրոպական երկրները, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ որևէ այլ երկիր չպետք է հայի համար լինեն ավելի ապահով և անվտանգ, քան Հայաստանի Հանրապետությունը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Շատ լավ իմանալով հայի կերպարը, հավատացնում եմ, որ սոցիալական վիճակը, կենսամակարդակը չեն հային կապում իր հողին: Արդարությունը, բոլորի նկատմամբ օրենքի հավասարությունը, միմյանց նկատմամբ բարի վերաբերմունքը` սրա՛նք են, որ հային, անկասկած, կբերեն Հայաստան` նույնիսկ եթե այլ երկրներում սոցիալական վիճակն ավելի լավ, կենսամակարդակն ավելի բարձր լինեն: Սրանք պետք է հասկանանք:
Հայը Հայաստանից դուրս, ինչքան էլ կենսամակարդակը լավ լինի, հասկանում է մի քանի պարզ ճշմարտություններ: Նախ ա՛յն, որ դա իր հայրենիքը չէ, ուրեմն ինքը պետք է, ի վերջո, կամ ասիմիլյացվի, ձուլվի տվյալ էթնոսի հետ, որի երկրում ինքն ապրում է, կամ չգիտեմ ինչ ջանքեր գործադրի, որ կարողանա իրեն, իր սերնդին հայ պահել: Այդ առումով ցանկացած հայի համար երազանք է լինել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` ուղղակի վստահ լինելով, որ բոլորի համար հավասար պայմաններ են, չկա խտրականություն, և հատկապես իշխանական օղակները, պետական ինստիտուտներն իրենց ամբողջ գործունեությունն ուղղում են նրան, որ յուրաքանչյուր հայի համար Հայաստանը լինի գրավիչ և ընկալելի այն իմաստով, որի մասին արդեն ասացի: Այդ դեպքում, հավատացեք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, առավել ևս Հայաստանի Հանրապետությանը չի կարող որևէ վտանգ սպառնալ:
Եթե մեր արևելյան և արևմտյան հարևանները տեսնեն, որ Հայաստանում այս կարգի խնդիրները լուծված են, ապա չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է ասել, որ պատերազմական գործողություններում հայրենիքի համար կյանքը տալուն պատրաստ լինելու հարցում կան ազգեր, որոնք այդ առումով ավելի առաջ են, քան հայ ազգը, հայ զինվորը: Այսինքն` մեր հիմնական խնդիրը մեր մեջ է, եթե մենք կարողանանք մեր մեջ եղած այդ բոլոր խնդիրները լուծել, ապա, հավատացեք, մնացած խնդիրները դառնալու են սրանցից ածանցյալ:
-Այդ խնդիրները լուծելու համար առաջնահերթորեն ի՞նչ է պետք:
-Հայաստանն անհամեմատ ավելի լավ կապրի, իրավիճակն ավելի կկայունանա, եթե ամեն մի իշխանավոր, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, հասկանա մի շատ կարևոր խնդիր` այն, որ իր կենսամակարդակը, իր սոցիալական վիճակը կախում ունեն շարքային քաղաքացու կենսամակարդակից, սոցիալական վիճակից: Գուցե այսօր ինքը ճոխ սեղանի շուրջ է նստում, լավ է ուտում, իր բոլոր արձակուրդները և նույնիսկ ոչ արձակուրդային օրերի մի մասն անցկացնում է արտերկրում` ծախսելով մեկ օրում մի քանի հազար դոլար, սակայն պետք է գիտակցի, որ այդ շքեղությունը երկար չի կարող տևել, ժամանակավոր է: Եթե ինքն իր սերունդների համար է ուզում ինչ-որ բան ապահովել, ուրեմն հարկավոր է, որ ստորադասի իր անձնականը պետականից և ազգայինից: Սա այն կարևորագույն գիտակցումն է, որ առայժմ, ցավոք, բացակայում է, բայց ուզում եմ հավատալ, որ համապատասխան անձինք ժամանակին կհանգեն այդ գիտակցությանը: Նոր իրավիճակը, հատկապես ապրիլյան պատերազմը, հուլիսյան դեպքերը բոլորին ցույց տվեցին, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, և որպեսզի դա չլինի, մենք պարտավոր ենք մեր հասարակության համար ստեղծել պայմաններ, որ հասարակությունը զինված խմբի գործունեությունը չողջունի միայն նրա համար, որ այդ զինված խումբը բարձրացնում է հարցեր, որոնք իր համար օրախնդիր են:


Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3564

Մեկնաբանություններ